Փաստորեն՝ երեկվա գլխավոր իրադարձությունը ոչ թե ԲՀԿ արտահերթ համագումարն էր, այլ ՀՀԿ ԳՄ նիստը՝ և ավելի երկար տևեց, և ավելի շատ հարցերի պատասխանեց, և ավելի շատ պարզաբանումներ բերեց: Թեպետ՝ ոչ համագումարը, ոչ նիստը որևէ նորություն չուներ՝ արձանագրված վիճակը ուրվագծեց զարգացումները:
Հավարտ ԳՄ նիստի՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատեց, որ ԲՀԿ-ն, ավելի ճիշտ` ԲՀԿ-2-ը, այլևս նախկինը չէ, երկու տարբեր քաղաքական կուսակցություններ են` տարբեր դերակատարումներով: «Հնարավո՞ր է 24 ժամվա մեջ լուրջ, կայացած, գաղափարական կուսակցությունը 180 աստիճանով իր դիրքորոշումը փոխի, ինչի՞ են մեզ մեղադրում, մենք այսօր էլ հայտարարում ենք, որ մենք Հայաստանում ազատ, բաց մրցակցության կողմնակից ենք, հրապարակային, քաղաքական պայքարի կողմնակից ենք, մենք կարծում ենք, որ այստեղ քաղաքական պրոցեսները պետք է գնան բացառապես քաղաքական հունով, և պատրաստ ենք ցանկացած ընդդիմադիր կուսակցության ու գործիչների հետ նստել ու դեբատների միջոցով ճշտել՝ ով է ճիշտ, ով է սխալ»՝ չասաց՝ մեղադրեց ՀՀԿ մամլո խոսնակը:
Գագիկ Ծառուկյանի հեռանալը անձնական որոշում էր, որին ՀՀԿ-ն վերաբերվում է հարգանքով: Նրա հեռանալուց հետո վերացավ այլընտրանք ուժ հասկացությունը, որ անգրագիտություն չէր, այդուհանդերձ քաղաքագիտական բառապաշարից չէր։ Հիմա պայքարը ընդդիմության դաշտում է, նպատակը պարզելն է՝ ով է դառնալու առաջնային ընդդիմադիր ուժը ԲՀԿ 2-ից, ՕԵԿ-ից, «Ժառանգությունից», «Ազատ դեմոկրատներից», ՀՀՇ-ից, ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից: Որ՝ «Այսօր ընդդիմության դաշտում շատ ավելի օրակարգային հարց է ներքին պայքարը ընդդիմադիր տարբեր թևերի միջև, որովհետև այսօրվանից սկսվում է իրենց նախապատրաստությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Մարդիկ պետք է ընդդիմադիր ճակատում դիրքավորվեն, ու պայքար կլինի տարբեր ընդդիմադիր ուժերի միջև՝ ընդդիմադիր էլեկտորատի ձայներին տիրանալու համար»: ՈՒ մինչ բոլորը նախապատրաստվում են ընտրություններին, ՀՀԿ-ն աշխատում է, որովհետև ՀՀԿ-ն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, ընդդիմությունից կենսաթոշակ ու աշխատավարձ չեն ուզում, ընդդիմությունը կարող է քննադատել, բայց իշխանությունը պարտավոր է աշխատել, իր ծրագրերն է կատարում ու հասարակության վիճակն է բարելավում:
ՀՀ փոխնախագահը նաև արձանագրեց, որ ոչիշխանական եռյակ այլևս չկա՝ եթե եռյակի մի գործիչը հարկ չի համարում պատասխանել եռյակի մյուս գործչի հայտարարությանը, ՀՀԿ-ն ավելացնելու ոչինչ չունի: Ասվեց, որ ՀԱԿ-ն իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վերածվել է մարգինալ քաղաքական ուժի, քանի որ առաջին նախագահը բոլոր ծրագրերը կապել էր ԲՀԿ-ի հետ։ «Առաջին նախագահը իր քաղաքագիտական վերլուծությամբ փաստացի դարձավ Գագիկ Ծառուկյան դերակատարի և ԲՀԿ-ի վերջին վագոնը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը խոսելով մյուս կուսակցություններից ՝ նկատեց, որ ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է, գաղափարական էր «Ժառանգությունը», սակայն հիմա խմբակցության հինգ անդամից երկուսն էլ նույն կարծիքը չունեն, ՀԱԿ-ը քաղաքական օֆսայդում է և երգեց իր «կարապի երգը»: ԲՀԿ-ի մասին վաղ է խոսել, քննադատի՝ կասեն՝ ընկածներին խփում են, գովի, կասեն՝ ձեր գրպարանային ընդդիմությունն է: ԲՀԿ-ին դեռ մտածելու ժամանակ է պետք, երբ հեռանում են առաջին ու երկրորդ դեմքերը: ՀՀԿ-ն պատրաստ է բոլորի հետ առողջ, կառուցողական հարաբերություններ ունենալ, ակնկալում է, որ խորհրդարանի քաղաքական ուժերը պայքարը կմղեն քաղաքական մշակույթի կանոններով։
Այսպես, կամ՝ համարյա այսպես: Գագիկ Ծառուկյանին ընդունեք՝ ինչպես կա: Նա դրան արժանի է: Կոալիցիայի մասին դեռ վաղ է խոսել, որևէ քննարկում այդ թեմայով չի եղել: Սահմանադրական բարեփոխումների մասին մինչև մարտի վերջ ՀՀ նախագահը կասի իր խոսքը: Սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն են, ինքնանպատակ չեն, համակարգային են, կարևոր է կոնսենսուս ունենալը, նախագահի խոսքից հետո կիրականացվեն օրենքով սահմանված գործառույթները: Հարցեր չմնացին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ-ն գործնականում բարձրաձայնեց ինչ է նախատեսում նախորդ երկու և երրորդ նախագահների համար: Նրանց՝ ցմահ թոշակ, բնակարան, գրասենյակ, և ոչինչ ավելին, գործողին՝ խորհրդարան ու նաև ավելին: Կհամաձայնե՞ն: Լևոն Տեր-Պետրոսյանը քանիցս երգել է իր կարապի երգը և այդ արիան արդեն ռեչիտատիվի է վերածվել, որը կրկնվելու սովորություն ունի նաև քաղաքական դաշտում: Ռոբերտ Քոչարյանը հավաքում է յուրայիններին և արդեն ունի ցուցակի առաջին անունը՝ Վարդան Օսկանյան, ու՝ ցուցակը բավականին երկար է: Երրորդ նախագահը վերահաստատեց, որ Մելիք -Ադամյանով են անցնում քաղաքական բոլոր ճանապարհները ու որևէ պողոտա, փակուղի կամ հրապարակ այդ փողոցի հետ մրցակցել չի կարող ու չի կարողանում: Քաղաքական նախագծերը սկսվում ու ավարտվում են՝ ՀՀԿ-ի կամքով կամ ՀՀԿ-ի դեմ: Նորությո՞ւն էր: